«Վրաստանը` որպես իր քաղաքացիների մասին մտահոգ պետություն, ինքնուրույն պետք է բավարարի իր կրոնական և ազգային փոքրամասնությունների կրոնական պահանջմունքները»,- հայտարարել է վրացի կոնֆլիկտոլոգ Պաատա Զաքարեիշվիլին:
Վրաստանի պատրիարքարանը բացասաբար էր արձագանքել այն տեղեկությանը, որ Թուրքիան ու Վրաստանը փոխադարձաբար իրար տարածքներում կրոնական կառույցներ են վերանորոգելու և կառուցելու: Грузия-online-ին մեկնաբանելով այս փաստը` փորձագետն ասել է, որ պատրիարքարանը պետական կառույց չէ, իսկ նման հարցերը կարգավորվում են պետական մակարդակով:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ թուրքական և վրացական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որի համաձայն երկու երկրների միջև արձանագրություն է ստորագրվել, ըստ որի` Թուրքիան Վրաստանի տարածքում վերանորոգելու է 3 և կառուցելու է 1 մզկիթ, իսկ Վրաստանը Արևմտյան Հայաստանի տարածքում 4 եկեղեցի է վերանորոգելու: