Այսօր Ռուբեն Հայրապետյանը հրավիրված ասուլիսի ընթացքում խոստովանեց, որ նախաձեռնության պատճառը «Ժամանակ» օրաթերթի հրապարակած հոդվածն է եղել, որին ցանկանում է իր անհամաձայնությունը հայտնել։
Նա «մարմնավաճառությունը» որակեց խաղը վաճառելը և նշեց, որ դա մի արարք է, որին ինքը ընդունակ չէ։
«Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերել Ռուսաստանի հետ՝ Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային ընտրական հանդիպումը «ծախելու» վերաբերյալ։ Այսօր ասուլիս եմ հրավիրել այն պատճառով, որ բավականին մեծ աղմուկ է բարձրացրել «Ժամանակ» օրաթերթի հոդվածը, որով փորձել են վարկաբեկել մեր հավաքականին: Վերջին շրջանում մեր հավաքականը բավականին լավ արդյունքների հասավ, մենք այդքան համախմբված հավաքական վերջին քսան տարիների ընթացքում չենք ունեցել: Մենք հասանք այն իրականությանը, որ վերջապես երևում է հնարավորություն` մասնակցել Եվրո- 2012-ին: Դրա համար Ֆուտբոլի ֆեդերեցիան ամեն ինչ անում է»,-փորձեց նման կերպ հակադարձել Ռուբեն Հայրապետյանը։
Իսկ այն հարցին, թե պետական մակարդակով գուցե նման պայմանավորվածություն ձեռք բերված լինի, ՀՖՖ նախագահը զայրացավ և ավելացրեց. «Չի կարա տենց բան լինի, ումո՞վ պիտի անեն, եթե անեն, ինձնով պիտի անեն»։
Իսկ նա նման քայլի չի գնա, քանի որ պետությունը շատ է սիրում։