Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ է անելու նախագահ Սերժ Սարգսյանը Ալիեւի արձանի բացման ժամանակ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը Աստրախանում կանգնեցված խաչքարի մոտ հարգանքի տուրք է մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սակայն նախագահականի տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում ենք բառացիորեն հետեւյալը. «Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է ՌԴ Աստրախանի մարզ` մասնակցելու Աստրախան քաղաքում ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում տեղի ունենալիք եռակողմ հանդիպմանը` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների նախագահների միջեւ, որից հետո նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նախագահ Սարգսյանը Աստրախանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հովվի, տեղի իշխանությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայցելի նաեւ քաղաքի կենտրոնում գտնվող հայկական հուշարձան եւ ծաղկեզամբյուղ կդնի հուշարձան-խաչքարին: Հուշարձան-խաչքարը տեղադրվել է 1930-ական թվականներին ավերված հայկական եկեղեցու տեղում` ի հիշատակ դեռևս 1706թ. այստեղ կառուցված հայկական եկեղեցու եւ ի նշանավորումն Աստրախանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմի հիմնադրման 290-ամյակի»: