1837թ. այս օրը Աշտարակում ծնվեց հայտնի գրող Պերճ Պռոշյանը:
Նախնական կրթությունը նա ստացել է տեղի ծխական վարժարանում (1849-1852), 1856թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, որտեղ և ձևավորվել են նրա ազգային-դեմոկրատական ըմբռնումները։
Ակտիվ մասնակցություն է ունեցել հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը, իգական դպրոցների հիմնադրմանը Թիֆլիսում (1861), այնուհետև՝ Շուշիում, Ագուլիսում, Աստրախանում, մանկավարժությամբ է զբաղվել Հայաստանի տարբեր վայրերում, հրատարակել դպրոցական կանոնադրություններ։
1850-ականներին ներշնչվել է ազգային-կրոնական ռոմանտիզմով և որոշ գրական փորձեր կատարել։ Սակայն Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը ուղղություն է տվել նրա որոնումներին. 1860-ին Պռոշյանը գրել է «Սոս ևՎարդիթեր» վեպը։ Առաջին այդ փորձը ճանաչում է բերել հեղինակին:
1879թ. «Փորձ» ամսագրում տպագրվել է Պռոշյանի «Հացի խնդիր» վեպը, որը մնայուն տեղ է գտել հայ ռեալիստական արձակի պատմության մեջ:
Ինչպես այս, այնպես էլ «Ցեցեր», «Հունոն» վեպերում, «Օրը կիրակի է, երազը սուտ», «Գյուղական խանութպան», «Բուլի–բուլի», «Տան Բարբարեի վերջին առակը», «Հինգերորդ գինագիծը», «Վարդի յուղը մահադեղ» պատմվածքներում Պռոշյանը տվել է հետռեֆորմյան հայ գյուղի սոցիալական պատմության համապատկերը։
Լինելով հայ դասական գրականության ականավոր դեմքերից՝ Պռոշյանը խոշոր ավանդ է ներդրել ազգային ռեալիզմի ձևավորման ու զարգացման գործում։
Պռոշյանի վեպերը հսկայական նյութ են տալիս 19-րդ դարի հայ գյուղացիության պատմության վերաբերյալ:
Վախճանվել է 1907թ. Բաքվում, թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը։