ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ակնկալվող այցը տարածաշրջան խիստ կարևոր է և հիմնականում կապված է ԱՄՆ-Իրան խնդիրների հետ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ Քլինթոնը գալիս է տարածաշրջան Իրանի հարցով որոշ հիշեցումներ կատարելու:
«Հայաստանի մասով ԱՄՆ պետքարտուղարի այցը վերաբերում է ԼՂ խնդրին և հայ-թուրքական հարցին: Կարծում եմ՝ իշխանությունները Քլինթոնից պետք է հստակություն պահանջեն առ այն, որ ղարաբաղյան խնդրի լուծումը հնարավոր է ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Իրականությունն այն տարածքներն են, որ այսօր վերահսկվում են հայկական ուժերի կողմից, իսկ իրականությունն անտեսել չի կարելի: Այսօր բոլորը, այդ թվում՝ միջազգային հանրությունը, հասկանում է, որ խնդրի լուծման հիմնական պատճառն Ադրբեջանի կեցվածքն է:
Ստացվում է, որ նույն այդ միջազգային հանրությունն ազդակներ չունի՝ ներազդելու նրա վրա: Առնվազն ՄԱԿ-ի ԱԽ անդամ լինելու ընթացքում Ադրբեջանն աշխատելու է հարցը տեղափոխել այդ կառույցի ասպարեզ, ինչը նշանակում է, որ մոտ ժամանակներս խնդրի կարգավորման իմաստով ակնկալիքներ չարժե ունենալ: Միաժամանակ, Ադրբեջանը վստահ չէ, որ կարող է հաղթել պատերազմում, նա իրականում պատրաստ չէ դրան, սակայն պատերազմի հավանականությունը չի կարելի բացառել:
ԱՄՆ-ը շարունակելու է ցանկանալ, որ Արցախում պատերազմ չսկսվի: Դա առնվազն կխառնի նրանց հաշվարկներն Իրանի մասով: Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա ԱՄՆ-ը պետք է ճնշումներ բանեցնի Թուրքիայի վրա՝ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերություններ սկսելու առումով: Դրա հիմնական միջոցը Հայոց ցեղասպանության ճանաչման վերահաստատումն է:
Իրականում հայ-թուրքական ոչ մի գործընթաց էլ չկա: Թուրքիան միայն իմիտացիա է անում, որ ինչ-որ գործընթաց է գնում: Կրկնում եմ՝ ԱՄՆ-ը պետք է ճնշումներ գործադրի այդ երկրի վրա, որպեսզի հայ-թուրքական գործընթացը շարունակվի առանց նախապայմանների: Կգնա՞ն այս քայլին մեր իշխանությունները՝ վստահ չեմ»,- ասաց նա՝ հավելելով, որ հակառակ պնդումների՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների սառեցման ոչ մի ազդակ այս պահի դրությամբ չկա:
Անդրադառնալով Իրանի հարցին՝ Կիրո Մանոյանը նկատեց, որ Հայաստանի դիրքորոշումն այս առումով լավ հայտնի է ԱՄՆ-ին: «Միաժամանակ, չեմ կարծում, որ ԱՄՆ-ը այս մասով սպասելիքներ ունի Հայաստանից»,- նշեց նա: