Մայիսի 29-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիի հետ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի և ԱՊԼ-ի միջև համագործակցության հեռանկարները, երկկողմ հարթությունում արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունների ներկա մակարդակն ու զարգացման հնարավորությունները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ:
ՀՀ դեսպանը Նաբիլ ալ-Արաբիին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:
ԱՊԼ գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծել է հայերի մեծ ներդրումը տարբեր արաբական երկրների հասարակական կյանքում: