ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խոստանում է Փակ շուկայի շենքը վերականգնել և բերել նախկին ճարտարապետական տեսքին: Նրա խոսքով՝ որևէ խեղաթյուրում չի լինի, և նույնիսկ կամարները կվերականգնվեն, իսկ այդ տեղում էլ նոր «Երևան Սիթի» չի կառուցվի, այլ կլինի շուկա: Նա վստահեցրեց, որ սեյսմիկ ծառայությունը տվել է անհրաժեշտ թղթերն այն մասին, որ շենքը լավ վիճակում չէ:
«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը` տանիքը քանդելու մասին թույլտվություն չէին տվել, Ս. Ալեքսանյանը պատասխանեց. «Տանիքը քանդելու մասին թույլտվություն չէին տվել, բայց մենք չենք քանդել, քանդվել է: Ինքն իրեն է քանդվել»:
Ս. Ալեքսանյանի այս պատասխանից լրագրողի մոտ ակամա առաջացած ժպիտը վրդովեցրեց պատգամավորին. «Բայց դուք ինչի՞ եք խնդում: Մի հատ գնացեք՝ այդ հարևաններին հարցրեք, իրանք սաղ կասեն: Իրանք՝ տեղում ապրողները, կասեն: Շուկան հազար տարի է՝ ոչ մի բան չկա, դուք էդ շուկայի զուգարանները մտե՞լ եք: Խի՞ չես մտել էդ շուկան»:
Ս. Ալեքսանյանը հավաստիացրեց, որ ինքը միայն շինարարության կողմնակից է. «Ես իմ կյանքի մեջ միշտ սարքող եմ եղել: Ծերեթելիի բուդկեքը հիշո՞ւմ եք»,- հարցրեց նա ու վստահեցրեց. «Սաղ նորմալ կառուցվելու է նույն ձևով: Ես միշտ ուզում եմ լավ բան սարքած լինեմ ու միշտ լավ բան արած լինեմ: Ասում եմ ես` չի կորցնի, ուրեմն չի կորցնի (ճարտարապետական նախկին տեսքը- խմբ.): Ինքը հին շենք ա, արմատուրեքը պետք ա գայիք նայեիք, որ պատկերացնեիք»:
Ս. Ալեքսանյանը նաև տեղեկացրեց, որ հանձնաժողով է ստեղծվել, որը կտա իր եզրակացությունը: