ՀՅԴ–ն պետք է որակով չեզոքացնի քանակությունը և, բնականաբար, ավելի ակտիվ է աշխատելու խորհրդարանում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մանդատների հանձնման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքերով՝ իրենց թիմը մեծ փորձառություն ունի, և այդ փորձն ու դաշնակցական ավանդույթները հնարավորություն կտան, որ առնվազն քաղաքական մարմնի գործունեությունը համապատասխանեցնեն ԱԺ աշխատանքներին:
Անդրադառնալով այլ ուժերի հետ համագործակցելու հնարավորությանը՝ Ռուստամյանը նկատեց, որ ԱԺ նիստում կհստակեցվի դաշտը, թե ով է ընդդիմադիր: «Դրանից հետո կորոշենք, համագործակցությունն այդ դաշտում գործող ուժերի հետ տրամաբանական է»,- ասաց Ռուստամյանը:
ՀՅԴ գործիչը դրական գնահատեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անցումն ընդդիմություն: «Հակակշռելիությունը կմեծանա: Հակակշռելիությունը սկսվում է մեկ հինգերորդից, և հիմա այդ հնարավորությունները մեծանում են: Դա դրական դեր կխաղա, և քաղաքական բանավեճերն ավելի հետաքրքիր կլինեն»,- նշեց Ռուստամյանը: