Փետրվարի 3-ի գիշերը ավելի քան 1մլրդ չինացի կնշի Գարնան տոնը` Նոր տարին ավանդական արևելյան օրացույցով: Ճագարի տարին լուսնային օրացույցով Չինաստանի բնակիչները կդիմավորեն հինգշաբթի օրվա գիշերը. սպասվում են տոնախմբություններ, անսահմանափակ հրավառություն և մեծ ծախսեր:
Ճագարը (չինարեն՝ տուտցզի) չորրորդն է արևելյան օրացույցի 12 նշանների մեջ և, ինչպես կարծում են Չինաստանում, ամենաբարեբերը: Ճագարի տարում ծնվածները շատ պատվախնդիր են և շրջապատված չեն շատ ընկերներով:
Այս սիմվոլը հովանավորում է նրանց, ով վստահ գնում է դեպի իր նպատակը և դրա հետ մեկտեղ ունի հրաշալի ճաշակ:
Ըստ չինական տիեզերակարգի` այս տարին լինելու է մետաղյա ճագարի կամ նապաստակի տարի. Չինաստանի բնակիչները չեն տարբերում այս երկու կենդանիներին և կոչում են նույն բառով` «տու»:
Մետաղի գույնը սպիտակ է, այդ իսկ պատճառով ճագարը կլինի սպիտակ: Սակայն չինուհիներին ավելի շատ դուր է գալիս դեղին գույնը:
Տոներից առաջ տանը պետք է անպայման մաքրություն անել և վերացնել ամեն տեսակի թափթփվածությունը:
Տան մուտքի մոտ պետք է գրվի զույգ բարեմաղթանք: Հաճախ դռներին փակցնում են երկու խիզախ գեներալների նկարները` թրերը ձեռքներին, որոնք, իբր, կվախեցնեն չար հոգիներին:
Իսկ երջանկություն բերելու համար անհրաժեշտ է դռան վրա գրել «երջանկություն» հիերոգլիֆը:











































