ՀՀ փոխվարչապետ, հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության դեսպան Բասամ Մուհամմադ ալ Քաբանդինին եւ Քուվեյթի Պետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության փոխտնօրեն Նաբիլ Աբդ ալ Մոհսին ալ Զամիլին: Վերջինս Հայաստանում է երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության հաստատման հարցեր քննարկելու նպատակով: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հյուրերը փոխվարչապետին տեղեկացրել են հայաստանցի գործընկերների հետ բանակցությունների արդյունքների մասին` նշելով, որ քուվեյթական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ օդային հաղորդակցության հաստատմամբ:
Փոխվարչապետը ևս ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ուղիղ օդային կապի առկայությունը, ինչը կխթանի ինչպես երկկողմ առեւտրատնտեսական կապերի, զբոսաշրջության զարգացմանը, այնպես էլ միջպետական շփումների ակտիվացմանը:
Կողմերը հույս են հայտնել, որ տարվա ընթացքում արդեն որոշակի արդյունքներ կլինեն: Նշենք, որ 2011թ. Երևանում կայացած հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում երկու երկրների կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր էր ստորագրվել:
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցության այլ հարցեր: