ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մայիսի 26-ին և 27-ին Հայաստանի Առաջին Հանրապետության 94-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել Սանկ-Պետերբուրգում:
Մայիսի 26-ին Սանկտ-Պետերբուրգի Բելոսելսկիների-Բելոզերսկիների պալատի համերգային դահլիճում նշվեց Հանրապետության տոնը: Ելույթով հանդես է եկել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, ով ընդգծել է Հայաստանի Առաջին Հանրապետության կարևորագույն դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում, Հայոց պետականության վերածննդի գործում:
Մայիսի 27-ին հայ համայնքի մշակութային կենտրոնում մեծ հանդիսավորությամբ նշվել է Հանրապետության տոնը, որը զուգորդվել է կիրակնօրյա դպրոցի Այբենարանի տոնի հետ: Ներկաներին շնորհավորել է ՀՀ գլխավոր հյուպատոսը: Միջոցառումն ավարտվել է դպրոցի սաների համերգով: