Հեղափոխությունների տենդը պատել է ոչ միայն Մերձավոր Արևելքի ժողովուրդներին, այլ նաև քաղաքագետներին, որոնք փորձում են կանխատեսել, թե ինչ զարգացումներ են սպասվում արաբական երկրներին, և որն է լինելու հաջորդ «թեժ» երկիրը:
Հայտնի է, որ արդեն մի քանի օր շարունակ Սիրիայի Facebook և Twitter սոցիալական ցանցերում ստեղծվել են խմբեր, որոնք փորձում են Եգիպտոսի օրինակով «Ցասման օր» կազմակերպել Սիրիայում` ընդդեմ գործող ռեժիմի: Այդ օրերը, ըստ կազմակերպիչների նախնական հայտարարության, նախատեսվում է անցկացնել փետրվարի 4-ին և 5-ին:
Այս պահին հայտնի է, որ այդ միջոցառմանը մասնակցելու համար գրանցվել է 5,000 մարդ: պարզ է նաև, որ մասնակիցների թիվը կարող է փոքր լինել, քանի որ այդ ցանցերը Սիրիայում նույնքան տարածված և նույնքան կազմակերպված չեն, որքան Եգիպտոսում:
Բացի այդ, Եգիպտոսում իրավիճակը փոխվել է, երբ Մուբարաքի հայտարարությունից հետո բնակչության մի մասը կարծես համաձայնել է առաջարկված տարբերակին: Համենայնդեպս, քիչ ժամանակ է մնացել պարզելու, թե Մուբարաքի հայտարարությունը որքանով կօգնի արաբական արևելքում տեղի ունեցող զարգացումներին: