Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը հավելյալ պարզաբանումներ չունի՝ քաղաքական ո՞ր ուժի հետ հատկապես կարող է համագործակցել ՀՀԿ-ն՝ հաշվի առնելով կուսակցության Գործադիր մարմնի տարածած այն հայտարարությունը, թե քաղաքական այդ ուժը հանդես է գալիս որպես հանրային համերաշխության և բազմակողմանի համագործակցության համոզված կողմնակից: Այս մասին պատգամավորն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Արտակ Դավթյանի խոսքով՝ հայտարարության մեջ թեպետ նշված չեն կոնկրետ քաղաքական ուժերի անուններ, որոնց հետ կարող է համագործակցել Հանրապետական կուսակցությունը, սակայն պարզորոշ ասված է, որ Ազգային ժողովում մեծամասնություն ստացած ուժը պատրաստակամ է քննարկել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ցանկացած ողջամիտ առաջարկ` «ի նպաստ մեր պետության զարգացման և յուրաքանչյուրի համար ավելի լավ Հայաստան կառուցելուն»: