Տևական ընդմիջումից հետո առաջին անգամ Հայաստանը Եվրոպայի առաջնություն է գործուղել և՛ երիտասարդների, և՛ մեծահասակների հավաքականներ: Տղաներն իրենց լավ դրսևորեցին: 32 թիմերի պայքարում երիտասարդականը գրավեց 20–րդ, իսկ մեծահասակները` 11–րդ տեղը:
Ալբերտ Ազարյանն առավելապես գոհ է Լոնդոնի խաղեր մեկնող Արթուր Դավթյանից: Նրան համարեց իսկական մարտիկ: Իսկապես, Արթուրը բազմամարտում, վեց գործիքների վրա վարժություններում կարողացավ ճակատամարտել բազմաթիվ հեղինակությունների դեմ ու գրավել հինգերորդ պատվավոր տեղը (մեծահասակների մրցաշարին մասնակցում են 39 երկրների պատվիրակներ):
Արթուր Դավթյանը և նրա թիմակիցներ Հարություն Մերդինյանն ու Վահագն Դավթյանը շարունակում են պայքարը համապատասխանաբար՝ հենացատկի, նժույգ թափի և օղակների վրա մրցումներում: Հաջողությամբ հաղթահարվել է նախնական փուլի արգելքը, և նշված եռյակը մեդալների համար մղվելիք պայքարին է նախապատրաստվում:
Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ընթացող Եվրոպայի սպորտային մարմնամարզության տղամարդկանց առաջնությունից Հայաստանի հավաքականները հայրենիք կվերադառնան մայիսի 28–ին: