1923թ. այս օրը Ալեքսանդրիայում (Եգիպտոս) ծնվեց ՀՀ ժողովրդական գեղանկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1967-1971թթ.) Հակոբ Հակոբյանը:
Ուսանել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-1948թթ.) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-1954թթ.)։
Հայրենիքում նրա մասին իմացել են մամուլից և այն նկարներից, որ նա 1960թ. ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին։ Մասնակցել է Երիտասաարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնին (1953, Բուխարեստ, 2-րդ մրցանակ), արդի եգիպտական արվեստի (1958, Մոսկվա, Լենինգրադ) ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալներին (1959, 1961)։ 1962-ին ընտանիքով հայրենադարձել է Հայաստան։
Հակոբյանն իր ստեղծագործական առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները. «Կինը խոհանոցում», «Սխտորներ», «Վիշտ», «Դերձակը» գործերը այդ ստեղծագործական ժամանակահատվածի լավագույն օրինակներն են։
Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանը հիմնականում նկարել է թեմատիկ նկարներ, ուր յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը։
Բնանկարների ենթատեքստում շոշափելի են անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացմունքները, որոնք ակնհայտ են «Նեյտրոնային ռումբին՝ ոչ», «Սումգայիթ» կտավներում և «Ընտանիք» քանդակում։