«Առաջին լրատվականը» արդեն տեղեկացրել է, որ Սյունիքի մարզկենտրոնում վերջին օրերին խմելու ջուրը մատակարարվում է օրական 3-4 ժամ, ինչը կապված է գետերի և աղբյուրների ջրերի նվազման հետ:
Սակայն Կապանի Դավիթ Բեկ թաղամասի բնակիչների վրդովմունքը գագաթնակետին հասավ:
Նրանք կիրակի օրը երեկոյան հազիվ ջուր էին ստացել ու կենցաղային գործերն էին անում, երբ հոսանքազրկվեց թաղամասի մի քանի շենք:
Սա առաջին դեպքը չէ. հաճախակի հոսանքազրկվում է այս թաղամասի մի քանի շենք:
«Պատկերացրեք, որ բաղնիքում ես, ու անջատվում է հոսանքը: Ի՞նչ կլինի վիճակդ: Էլ չենք խոսում, որ շարքից դուրս են գալիս էլեկտրասարքավորումները»,- մեզ հետ ունեցած զրույցում նշեց բնակչուհիներից մեկը:
Վերջինս, այլ ելք չունենալով, զանգահարել է «Հայէլցանցերի» «Տաթև» մասնաճյուղի տնօրեն Արայիկ Գրիգորյանին: Տնօրենը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, խորհուրդ է տվել զանգահարել տեղեկատվական կենտրոն:
«Ես ի՞նչ մեղավոր եմ, վթար է, էլի, հանգստացեք, տիկի՛ն»,- ասել էր տնօրենը բնակչուհուն:
Հետաքրքիր է, որ էլցանցի տնօրենն էլ է այդ թաղամասում ապրում, բայց նրանց շենքի էլեկտրասնուցումը ընդհանրապես չի վթարվում:
Ավելի վաղ էլցանցի պատասխանատուները բնակիչներին ասել էին, որ մեկ սնուցման կետից շատ բաժանորդներ են օգտվում, ինչը ծանրաբեռնում է ցանցը:
Սա էլ հաճախակի վթարների պատճառ է դառնում:
«Ի՞նչ, ստացվում է, որ էլցանցի տնօրենի շենքն առանձնացրել են ու տվել սնուցման մի աղբյուր, որ չկտրվի՞ նրա լույսը»,- տարակուսում են բնակիչները:








































