Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր անսպասելիորեն հայտարարել է երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին:
«Առաջին լրատվականն» այսօր տեղեկացրել էր, որ Ղազախստանի սահմանադրական խորհուրդը սահմանադրությանը չհամապատասխանող էր համարել Խորհրդարանի ընդունած որոշումը` Նազարբաևի լիազորությունները 10 տարով երկարացնելու վերաբերյալ հանրաքվե կազմակերպելու վերաբերյալ:
Նազարբաևը հանդես է եկել հեռուստաուղերձով: Նա հեռուստաուղերձում նշել է, որ որոշում է կայացրել արտահերթ ընտրություններ կայացնելու վերաբերյալ, նաև ասել է, որ չի փորձելու հաղթահարել Սահմանդրական խորհրդի որոշումը, ինչի իրավասությունները տրված են նախագահին:
Նազարբաևն ասել է, որ ստեղծվել է դժվար քաղաքական իրավիճակ, երբ ինքը, որպես երկրի ղեկավար, պետք է կայացնի կարևոր որոշում: Նա առաջարկել է Սահմանադրական դատարանի և խորհրդարանի որոշումները միավորող և փոխզիջումային տարբերակ: «Չնայած այն փաստին, որ արտահերթ ընտրությունների դեպքում իմ ժամկետը կրճատվում է երկու տարով, ես որոշում եմ կայացրել արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ», ավելացրել է Նուրսուլթան Նազարբաևը:
«Վստահ եմ, որ հանրաքվեի հեղինակները ցանկանում էին ոչ միայն երկարաձգել իմ պաշտոնավարման ժամկետը 10 տարով, այլև պահպանել երկրի բարգավաճման և կայունության ու համերաշխության ամրապնդման ներկա ուղին», եզրակացրել է նա: