Կառավարության շենքի առջև այսօր ևս մարդաշատ էր:
Երևանի շուկաների աշխատակիցները կրկին պահանջում էին իջեցնել Թուրքիայից և Չինաստանից բերվող հագուստի համար գանձվող գումարները:
Հիշեցնենք, որ վերոնշյալ երկրներից բերված հագուստի մեկ կիլոգրամի համար գանձվող գումարը կրկնակի թանկացել է:
Կապի և տրանսպորտի նախարարությունը և մաքսային կոմիտեն տոնավաճառների աշխատակիցներին ասել են, որ իրենք թանկացման հետ առնչություն չունեն:
Այժմ առևտրականները սպասում են կառավարության վերջնական պատասխանին:
Նշենք, որ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը տոնավաճառների աշխատակիցներին խորհուրդ էր տվել դատի տալ հագուստը ներկրող կազմակերպություններին, քանզի հենց վերջիններս են բարձրացրել գները:
Մեզ հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը ասաց, որ ոչ մի բանի հույս էլ չունեն, քանզի գիտեն, թե ինչ երկրում են ապրում.
«Ո՞ւմ դատի տանք. հրամանը վերևից է եղել։ Որ դատի տանք՝ պետք է կառավարությանը տանք»:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ արդեն քանի օր է՝ իրենք ապրանք չեն գնում բարձր գնի պատճառով և վնասով են աշխատում: