Ինչպես տեղեկացնում է Al-Jazeera հեռուստաընկերությունը, որոշ տվյալների համաձայն, Հոսնի Մուբարաքը լքել է Կահիրեն և հիմա գտնվում է Շարմ Ալ-Շեյխ քաղաքում:
Հավանաբար նա մտավախություն ունենալով, որ Կահիրեում տեղի ունեցող բախումները կարող են հասնել նաև իր նստավայրին:
Բացի այդ, արդեն հայտնի է, որ Դուբայ է մեկնել եգիպտացի մեծահարուստների մեծ խումբ: Երեկ այդ լուրերը չէին հաստատվում, սակայն, ըստ արաբական աղբյուրների, մեկնած մեծահարուստների թիվը մեծ է: Եգիպտոսից փախչում են նաև քրեական տարրերը: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ եգիպտական բանտերից փախել էին մի քանի հազար հանցագործներ: Նրանց մի մասին արդեն հաջողվել է եգիպտա-պաղեստինյան սահմանի տակ փորված թունելներով անցնել Պաղեստինի Գազայի հատված: Եգիպտա-պաղեստինյան սահմանագծում երեկ տեղի են ունեցել խոշոր բախումներ: Հայտնի է, որ Եգիպտոսը խիստ հսկողության տակ է պահում Գազայի հատվածի հետ սահմանը, քանի որ եգիպտական տարածքից այնտեղ են տեղափոխում զենք և զինամթերք, որը հետո օգտագործում են պաղեստինցի գրոհայինները:
Երեկվա բախումների արդյունքում, ըստ իսրայելական աղբյուրների, սպանվել է 15-50 մարդ, որոնց մեծ մասը եգիպտացի զինվորականներ են, որոնք բեդվիններին թույլ չեն տվել Գազայի կողմից հատել սահմանը:











































