Tuesday, 23 04 2024
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմել է Սահմանադրական դատարան

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Սահմանադրական դատարան: Օմբուդսմենին հասցեագրվել են բողոքներ, որոնք վերաբերում են ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները դատական կարգով բողոքարկելուն: Ապրիլի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին օրենքի (17.06.2008թ. ՀՕ-123-Ն) 17-րդ հոդվածի 1-ին մասին` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, որտեղ հանգամանորեն ներկայացրել է կողմերի՝ Հաշտարարի կողմից կայացված որոշումները վիճարկել չկարողանալու հանգամանքը:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` Օրենք) սահմանում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի հիմնական նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանության իրականացումն է, նրանց պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումն ու ֆինանսական միջնորդության ավելացումը:

Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը սահմանում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը առաքելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդի կողմից անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվելու դեպքում այն կողմերի համար դառնում է պարտադիր:

Վիճարկվող դրույթի /17-րդ հոդվածը/ վերաբերյալ ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը, որտեղ ֆինանսական հաշտարարի որոշումներն առանց սահմանափակման կարող են բողոքարկվել դատական կարգով: Չնայած այն հանգամանքին, որ Հաշտարարը պետական մարմին չէ, ուստի և իր կողմից կայացված որոշումները վարչական ակտ չեն, այնուամենայնիվ Հաշտարարի որոշումները ինչպես և վարչական ակտերն ունեն պարտադիր բնույթ կողմերի համար և ուղղված են անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն, ուստի նման դեպքերում կողմերի ցանկության դեպքում այդ որոշումները ենթակա են ըստ էության բողոքարկման դատական կարգով:

Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու համար սահմանափակումներ նախատեսելը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, քանի որ ՀՀ Սահմանադրության համաձայն յուրաքանչյուր ոք ունի արդյունավետ իրավական պաշտպանության իրավունք /19.1/։

ՍԴ-ին ուղղված դիմումում ասվում է.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանին
դիմող` Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյան

ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին օրենքի (17.06.2008թ. ՀՕ-123-Ն) 17-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ

Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին օրենքը (այսուհետ` Օրենք) սահմանում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի հիմնական նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանության իրականացումն է, նրանց պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումն ու ֆինանսական միջնորդության ավելացումը:

Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից ընդունվող որոշումները և այդ որոշումների բնույթը: Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը առաքելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվում է որոշման հետ, վերջինս կողմերի համար դառնում է պարտադիր: Միաժամանակ նույն օրենքի 17-րդ հոդվածը նախատեսում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերը: Այդպիսով Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե՝

1) պահանջը ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից,

2) Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ,

3)բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:

Գտնում ենք, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի (այսուհետ` Հաշտարար) որոշումը չեղյալ ճանաչելու համար սահմանափակումներ նախատեսելը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։ ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածին համապատասխանաբար` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ: Նշված սահմանադրական դրույթներին համապատասխան Հաշտարարի մասին օրենքում նախատեսվել է իրավասու դատարանում Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հնարավորություն: Սակայն չեղյալ ճանաչելու համար սահմանվել են հիմքեր, որոնք խիստ սահմանափակ են, ինչի արդյունքում կողմերին չի տրվում հնարավորություն Հաշտարարի որոշումը իրավասու դատարանում վիճարկելու ըստ էության, մասնավորապես` վիճարկել որոշման հիմքում ընկած փաստական հանգամանքները:

Հատկանշական է, որ վիճարկվող դրույթի վերաբերյալ ուսումնասիրելով միջազգային փորձը, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության Ֆինանսական օմբուդսմենի մասին կանոնագիրքը` պարզ է դառնում, որ ՌԴ Ֆինանսական օմբուդսմենի որևէ որոշում չունի կողմերի համար պարտադիր ուժ և/կամ բնույթ, այլ հիմնված է կողմերի բարի կամքի դրսևորման սկզբունքի հիման վրա: Ուսումնասիրվել է նաև Իռլանդիայի Հանրապետության Ֆինանսական Օմբուդսմենի գործունեությունը կարգավորող օրենքը, որի դրություների համաձայն` Ֆինանսական Օմբուդսմենի որոշումները պարտադիր են կողմիերի համար, սակայն կայացված որոշման հետ անհամաձայնության դեպքում, առանց որևէ սահմանափակումների (հիմքերի), կողմերը կարող են բողոքարկել Օմբուդսմենի որոշումը իրավասու դատարան: Իռլանդիայի Հանրապետության Ֆինանսական Օմբուդսմենի մասին օրենքի վերլուծությունից պարզ է դառնում, որ կողմերին ընձեռված է համապատասխան որոշումները դատական կարգով արդյունավետ բողոքարկելու հնարավորություն` առանց որևէ սահմանափակումների:

Եվրոպայի Խորհրդի թիվ Rec(2004)20 առաջարկության համաձայն` վարչական ակտերի վերանայումը դատական կարգով մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն միջոցներից մեկն է: Նույն առաջարկության համաձայն` դատական կարգով վարչական ակտի վերանայում նշանակում է դատարանի կողմից վարչական ակտի ուսումնասիրությունը և օրինականության ստուգումը: Եվրոպայի Խորհրդի վերոնշյալ առաջարկության համաձայն /Rec(2004)20/ դատարանները ցանկացած խախտման դեպքում պետք է հնարավորություն ունենան լիարժեք վերանայելու վարչական ակտերը:

Հաշտարարի մասին օրենքի համաձայն` Հաշտարարը իրեն վերապահված լիազորություններն իրացնելու միջոցով հաճախորդների կողմից Կազմակերպությունների դեմ ներկայացված պահանջները քննող և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունող ֆիզիկական անձ է: Հատկանշական է, որ Հաշտարարի որոշումներն ունեն պարտադիր իրավական ուժ կողմերի համար: Չնայած այն հանգամանքին, որ Հաշտարարը պետական մարմին չէ, ուստի և իր կողմից կայացված որոշումները վարչական ակտ չեն, այնուամենայնիվ Հաշտարարի որոշումները ինչպես և վարչական ակտերն ունեն պարտադիր բնույթ կողմերի համար և ուղղված են անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Այսպիսով կարելի է եզրակացնել, որ այն որոշումները, որոնք ունեն կողմերի համար պարտադիր բնույթ, կողմերի ցանկության դեպքում ենթակա են ըստ էության բողոքարկման դատական կարգով: Հաշտարարի մասին օրենքի 17-րդ հոդվածի դրույթի կիրառման արդյունքում հիմնականում կազմակերպությունները, այլ ոչ հաճախորդները, արդյունավետ չեն կարողանում վիճարկել հաշտարարի որոշումները, քանի որ Հաշտարարի որոշումը պարտադիր է դառնում կողմերի համար միայն այն դեպքում, երբ հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվում է որոշման հետ, ուստի կազմակերպությունները պրակտիկայում զրկվում են Հաշտարարի վճիռը արդյունավետ կերպով վիճարկելու հնարավորությունից, քանի որ համապատասխան հոդվածում զետեղված երեք հիմքերից և ոչ մեկը չի վերաբերում Հաշտարարի կողմից կայացված որոշման ըստ էության բողոքարկմանը և/կամ վիճարկմանը:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ ՄԻԵԿ) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են իր քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Միաժամանակ Եվրոպական Խորհրդի առաջարկություններից (R (95) 5) մեկի համաձայն` քաղաքացիական գործերով անձանց պետք է տրամադրվի բողոքարկման հնարավորություն: ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածով Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի (այսուհետ ՄԻԵԴ) կայացրած վճիռների թիվը գրեթե կազմում է ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների ընդհանուր թվի կեսը: Կցանկանայինք առանձնացնել Մարլեն Կրեսի գործով ( Կրեսն ընդդեմ Ֆրանսիայի, 07.06.2001թ. ) ՄԻԵԴ-ի դիրքորոշումը, համաձայն որի` կողմերի հավասարությունն արդարացի դատական քննության առավել լայն հասկացության բաղկացուցիչ տարրերից է և այն պահանջում է, որպեսզի կողմերից յուրաքանչյուրն ունենա իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն, երբ կողմերից որևէ մեկը հակառակ կողմի նկատմամբ ակնհայտ առավելություն չունի:

Ըստ ՀՀ սահմանադրության 19-րդ հոդվածի մեկնաբանությունների` մեկնաբանվող սահմանադրական հոդվածին համարժեք ՀՀ սահմանադրական դատարանը ամենամեծ թվով գործերով (շուրջ 15 գործով) օրենքի նորմերն անվավեր է ճանաչել ՀՀ սահմանադրության 19-րդ հոդվածին չհամապատասխանելու հիմքով: Այսպիսով, ՀՀ սահմանադրական դատարանն իր` 04.04.2008 թվականի ՍԴՈ-747 որոշման 7-րդ կետում, անդրադառնալով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի առաջին պարբերության դրույթների մեկնաբանությանը, ամրագրել է հետևյալը. «Համաձայն ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի` անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտություն ծագում է այն դեպքում, երբ նա խնդիր ունի վերականգնելու իր ենթադրյալ խախտված իրավունքները»: ՀՀ սահմանադրական դատարանի ` 07.09.2010 թվականի ՍԴՈ-906 որոշման 5-րդ կետում նշվել է նաև, որ ՀՀ օրենսդրությունը հիմնված է այն տրամաբանության վրա, որ խախտված իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, ի թիվս այլոց, ներառում է անմիջականորեն դատարան դիմելու իրավունքն այն անձանց կողմից, որոնց իրավունքները խախտվել են:

Հատկանշական է նաև, որ 2008 թվականին ՀՀ սահմանադրական դատարանում վիճարկվել է քրեակատարողական օրենսգրքի այն դրույթը, որը կարգավորում էր պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մաuն ավելի մեղմ պատժատեuակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) որոշումների դատական բողոքարկման հնարավորությունը, համաձայն որի` այն կարող էր բողոքարկվել միայն այն դեպքերում, երբ այդ որոշումը կայացվել է ՀՀ Նախագահի հրամանագրով uահմանված կարգի խախտմամբ: Սահմանադրական դատարանն իր` 05.02.2008 թվականի ՍԴՈ-733 որոշմամբ Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումն օրենքին հակասելու դեպքում դատական կարգով բողոքարկելը սահմանափակելու մասով ճանաչել է ՀՀ սահմանադրությանը հակասող: Ուստի կարելի է եզրակացնել, որ ՀՀ սահմանադրական դատարանը բացասաբար է մոտենում կողմերի համար պարտադիր բնույթ ունեցող որոշումների դատական կարգով բողոքարկման հնարավորությունն սահմանափակելուն:

Ուստի ելնելով վերոգրյալ հիմնավորումներից և այլ Պետությունների համապատասպան փորձից` կարելի է եզրակացնել, որ վիճարկվող դրույթի գործելու և նախատեսող սահմանափակումների արդյունքում, Կողմերը չեն կարողանում արդյունավետ կերպով վիճարկել Հաշտարարի կողմից կայացված որոշումները:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով և 101-րդ հոդվածի 8-րդ կետով` խնդրում եմ որոշել ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի մասին օրենքի (17.06.2008թ. ՀՕ-123-Ն) 17-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում