1978թ. այս օրը Հռոմում վախճանվեց մեծ մարդասեր, գերմանացի գրող, հրապարակախոս Արմին Թեոֆիլ Վեգները:
Ծնվել է 1886թ. հոկտեմբերի 16-ին Էլդերֆելդ-Վուպերտալում:
Սովորել է Բրեսլաուի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում (1908-1913թթ.), ստացել իրավագիտության դոկտորի աստիճան (1914թ.): Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին: 19151-1916թթ. գերմանական սանիտարական ծառայության կազմում եղել է Թուրքիայում, տեսել Դեր-Զոր (Դեյր էլ-Զոր) քշված բազմահազար հայերի ողբերգությունը, նրանց խոշտանգումները, լուսանկարել սպանդի շատ տեսարաններ:
Վեգները գրի է առել իր տեսածն ու ապրածը և լուսանկարների հետ մեկտեղ ուղարկել Գերմանիա՝ առանձին մարդկանց ու մամուլին, սակայն դրանք չեն հրապարակվել: Հետագայում այդ նամակները և նույն շրջանում գրած այլ նյութեր ամփոփվել են նրա «Անվերադարձ ճանապարհ» (1919) գրքում:
1921թ. Վեգները որպես վկա ներկա է եղել Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը Բեռլինում, հավաքել է սղագրական նյութերը, գրել առաջաբան («Արդար վճիռ») և հրատարակել առանձին գրքով («Թալեաթ փաշայի դատավարությունը», 1921):