Մայիսի 18-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Հրայր Թովմասյանի գործով դատավարությունը: Նա մեղադրվում է դանակահարության մեջ:
Ըստ քրեական գործի նյութերի՝ Հրայր Թովմասյանը 8 տարի առաջ՝ 2004թ. ապրիլի 2-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երեւանի Մանթաշյան փողոցի 51 շենքի բակում գործով չպարզված իր ընկերոջ հետ վիճաբանել է Անդրանիկ Հարությունյանի հետ, որի ընթացքում Հրայր Թովմասյանը սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է Ա.Հարությունյանի կրծքավանդակին ու որովայնին` դիտավորությամբ վերջինիս առողջությանը կրծքավանդակի ձախ կեսի, որովայնի առաջնային մակերեսի` լյարդի վնասումով, կտրած-ծակած, թափանցող վերքի ձեւով պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս:
Մասնագետներն ասում են՝ սա ամենատարածված հանցագործություններից է, որ այս գործն իրավական ուշագրավ նրբերանգ ունի: Դա կպարզենք դատարանում, սակայն հետաքրքիր է, թե ինչու են Հրայր Թովմասյանին այսքան ուշ հիշել:
Ի դեպ, խոսքը արդարադատության նախարարի մասին չէ: