Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկաբնակ թուրքերին ձանձրացրել է, որ անգլերենում իրենց երկրի անվանումը՝ Turkey, նշանակում է հնդկահավ: Այդ նպատակով ամերիկաբնակ երեք թուրքեր որոշել են ինտերնետային կայք ստեղծել, որտեղ արշավ են ծավալելու անգլերենով Թուրքիայի անվանման փոփոխման օգտին:
Խոսքը Turkey բառը Turkiye-ով փոխարինելու մասին է, ինչը գործածվում է նաև թուրքերենում: Այդ մասին լայնածավալ արշավ է ձեռնարկվելու նորաստեղծ www.hindidegilTurkiye.com կայքում, ինչը թարգմանաբար նշանակում է ոչ թե հնդկահավ, այլ՝ Թուրքիա:
Ամերիկաբնակ երեք թուրքերը մտադիր են իրենց նախաձեռնությունը գործարկել մայիսի 19-ից և 100 օրվա ընթացքում հավաքել համապատասխան (անգլերենով երկրի անվանման փոփոխման) խնդրանքով 1 միլիոն էլեկտրոնային նամակներ, ինչից հետո դրանք պետք է ուղարկվեն Թուրքիայի նախագահին ու վարչապետին:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում թուրքերից մեկը Google Translate ծրագրով հայերեն էր թարգմանել «Կեցցե Թուրքիան» արտահայտությունը և ստացել էր «Կեցցե հնդկահավ»: