Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ: ԱՄՆ-ում նա մի շարք հանդիպումներ է ունենալու քաղաքական ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
Մինչև մայիսի 20-21-ը Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովը Սաակաշվիլին այցելելու է Լոս Անջելես ու Նյու Յորք և դասախոսություն է կարդալու Փրինսթոնի համալսարանում: Մայիսի 17-ին Սաակաշվիլին ելույթ կունենա Նյու Յորքում, ուր նրա դասախոսության թեման կլինի «Վրաստանի ժողովրդավարական կերպարանափոխումը. նախադեպ նախկին Խորհրդային միության համար»:
Իսկ մայիսի 20-21-ը Սաակաշվիլին կմասնակցի Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովին: Նշվում է, որ վրացական կողմը մասնակցելու է այդ երկօրյա համաժողովի բոլոր հանդիպումներին. «հիմնական գործընկերների հետ» (28+13), «ապագա անդամների հետ» (ասպիրանտ գործընկերներ, 28+4) և Աֆղանստանում ISAF-ի խաղաղապահ օպերացիաներին մասնակցող երկրների հետ (28+ISAF):