Սիրիայի ապստամբները, ովքեր պայքարում են նախագահ Բաշար Ալ-Ասադի դեմ, այժմ ավելի շատ զենք են ստանում Արաբական ծոցի երկրներից, և այդ ամենը տեղի է ունենում ԱՄՆ-ի աջակցությամբ:
Reuters-ի փոխանցմամբ` այս մասին զեկույց էր տեղադրվել Washington Post-ի ինտերնետային կայքում, որտեղ նշվում էին Սիրիայի ընդդիմության ակտիվիստների և ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունները:
Օբամայի կառավարության պաշտոնյաները շեշտել են, որ Սիրիային զենք չեն մատակարարում, բայց խորացրել են կապերը ընդդիմության հետ:
Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան, ով նախընտրել է չհրապարակել իր անունը, հայտնել է, որ ԱՄՆ-ը մեծացնում է աջակցությունը Սիրիայի ընդդիմությանը, բայց ոչ` ռազմական տեխնիկայի առումով: ԱՄՆ-ը հույս ունի դաշնակիցների հետ միասին հաջողության հասնել Սիրիայում:
ԱՄՆ-ի կապը ընդդիմության հետ նշանակում է, որ ԱՄՆ քաղաքականության մեջ կատարվել է փոփոխություն, քանի որ այժմ արդեն վերանում են Սիրիայի ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու հույսերը: