Թուրքիայի պետքարտուղար Ալի Բաբաջանը, հետևելով իր վերադասի` Թուրքիայի վարչապետ ռեջեփ Թայիփ Էրդողանի օրինակին, կրկին սկանդալային պատմություն է սարքել Դավոսի ամենամյա տնտեսական համաժողովում:
Հիշեցնենք, որ անցած տարի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ կտրուկ ձևով հակադարձել էր Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին` նրան մեղադրելով Գազայի հատվածում բազմաթիվ անմեղ պաղեստինցիների մահվան մեջ, ապա լքել քննարկումների դահլիճը:
Հիմա էլ Բաբաջանը բավականին կտրուկ խոսել է Եվրամիության մասին` անընդհատ շեշտելով, որ այն ոմանք վերածել են քրիստոնեական ակումբի և Թուրքիայի մուտքն էլ արգելափակել: Դահլիճում է եղել նաև Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը:
«Մենք միշտ մտածել ենք, որ ԵՄ-ն խաղաղության մեծ նախագիծ է, բայց հետո ընդլայնամն գործընթացը կանգ առավ: Ընդլայնման քաղքականություն այլևս չկա». ավելացրել է նա:
«Եվ ամենամեծ պատճառը, թե ինչու Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ անդամ, այն է, որ ԵՄ-ն քրիստոնեական ակումբ է: Մեր կարծիքով սա շատ, շատ վտանգավոր է», ասել է նա: