Այսօր Տերյան-Կողբացի-Պուշկին փողոցների հատման կետում գտնվող բակում բանկիչների բողոքին միացել էին նաև ՀՅԴ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը և Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմեն Դովլաթյանը:
Բնակիչների վրդովմունքի պատճառը հետևյալն է. իննհարկանի շենքից մոտ վեց մետր հեռավորությամբ կառուցում են նոր տասներկուհարկանի բնակելի շենք:
Բնակիչներն ասում են, որ իրենցից ոչ ոք չի հարցրել շենքի շինարարությունը սկսելուց առաջ, առանց իրենցից թույլտվություն խնդրելու` փակում են իրենց բնակարանների լույսը:
Իննհարկանի շենքի բնակիչներից մոտ 25-30 հոգի բողոքում են: Ըստ նրանց` բնակիչներից ոմանց խոստացել են ավտոտնակ կամ գումար տալ, նրանք էլ հավատում են ու չեն մասնակցում բողոքին:
Նոր շենքը կառուցվում է խաղահրապարակի հաշվին:
Շինարարության արդյունքում ցեխի մեջ է հայտնվել ամբողջ բակը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանն ասել է բնակիչներին, որ այս հարցը լուծելու պահանջով նամակ է պատրաստել ու հանձնելու է քաղաքապետարան ու քաղաքաշինության նախարարություն: