WBA վարկածով երկրորդ միջին քաշային կարգում չեմպիոն և Super Six մրցաշարի հաղթող ամերիկացի Անդրե Ուորդը ընթացիկ տարվա սեպտեմբերին կարող է մենամարտել WBC վարկածով կիսածանր քաշային կարգում տիտղոս նվաճած Չեդ Դոուսոնի հետ:
Դոուսոնի պրոմոութերի հավաստմամբ` հարցը դեռևս քննարկվում է, սակայն մենամարտը, հավանաբար, կկայանա երկրորդ միջին քաշային կարգի շրջանակներում:
Մենամարտի անցկացման վայրը առայժմ որոշված չէ: Պրոմոութերներն ուսումնասիրում են երկու հնարավոր տարբերակ՝ Օքլենդը`Ուորդի հայրենիքը, կամ Աթլանտիկ Սիթին, որտեղ երկու բռնցքամարտիկները վերջերս կարևոր հաղթանակներ են գրանցել:
Մենամարտը կհեռարձակվի ամերիկյան HBO հեռուստաալիքի եթերով: Այդ հարցը ևս բանակցային փուլում է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին սպասվում է WBC վարկածով ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի մենամարտը: Ուկրաինացի բռնցքամարտիկի հնարավոր հակառակորդն է լեհ Մարիուշ Վախը: