Սյունիքի մարզի Նռնաձոր (նախկին Նյուվադի) համայնքի 3 ընտանիքի պատկանող թվով 14 կովեր մոտ 15 օր է` կորել էին գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրից:
Հունվարի 14-ին նախրապանը վատ է զգացել և տուն եկել: Միայն հաջորդ առավոտյան գնալով արոտավայր` տեսել է, որ անասունները չկան: Գյուղը ազատագրված տարածքների հարևանությամբ է և սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը:
Նռնաձորցիները դիմել են սահմանի հսկողությունը իրականացնող ՀՀ ԱԱԾ բանակային կորպուսի հրամանատարությանը` կորած անասունները հայտնաբերելու խնդրանքով:
Հունվարի 26-ին, կորած 14 կովերից 6-ը սահմանապահները գտել են Արաքսի ափին: Կովերի պարանոցներին իրանական արտադրության պարաններ կային, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ հարևան երկրի գյուղացիներն են տարել անասունները:
«Այդպիսի պարաններ մեր գյուղում չեն օգտագործում»,- ասում է Նռնաձորի գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանը` ավելացնելով, որ անասունների կորստյան դեպք գյուղում առաջին անգամ է արձանագրվում:
Միայն երկու տարի առաջ հարակից ազատագրված տարածքներում է նման դեպք եղել: Առայժմ կորած 8 անասունների մասին որևէ տեղեկություն չկա: Որոնողական աշխատանքները շարունակվում են: