Մոսկվայում ավարտվեց օլիմպիական չեմպիոն Վալերի Պոպենչենկոյի հիշատակը հավերժացնող բռնցքամարտի միջազգային ավանդական մրցաշարը:
ՀՀ վաստակավոր մարզիչ, հավաքականի երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի ուղեկցությամբ ռինգ ելած Հայաստանի բոլոր հինգ պատվիրակները դարձան մրցանակակիր:
Արարատի մարզի ներկայացուցիչ Տիգրան Արմենակյանը (81 կգ) նախնական փուլերում հաղթանակներ տարավ և մտավ եզրափակիչ: Բայց վճռական մենամարտը նա տանուլ տվեց և բավարարվեց երկրորդ տեղով: Նրա թիմակիցներ, արարատցի Բարեղամ Հարությունյանը (52 կգ), վանաձորցի Գագիկ Գևորգյանը, երևանցի Կարեն Տոնականյանը (երկուսն էլ ` 60 կգ ) և էջմիածինցի գերծանրքաշային Հակոբ Մելքումյանը տեղ գտան պատվանդանի երրորդ աստիճանին:
Նշած բոլոր բռնցքամարտիկները մեր հավաքականի պահեստայիններից են և աղքատիկ մրցափորձ ունեն:
Մայիսի 13 –ին Հայաստանի հավաքականի վեց մարզիկներ , գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ մեկնեցին Մինսկ: Այնտեղ մեր տղաները կմասնակցեն միջազգային խոշոր մրցաշարի, որտեղ ավանդաբար հանդես են գալիս կաշվե ձեռնոցի բազմաթիվ հեղինակավոր վարպետներ: Նրանց հետ պայքարի կբռնվեն երևանցիներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հրանտ Սարգսյանը (56 կգ)/, Արթուր Քիրաջյանը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ) , գյումրեցի Հովհաննես Բաչկովը (60 կգ) և Լոնդոնի օլիմպիական խաղերի մեր միակ մասնակից, էջմիածինցի Անդրանիկ Հակոբյանը (75 կգ):
Մրցաշարի մեկնարկը կտրվի վաղը, իսկ հաղթողները հայտնի կդառնան մայիսի 20–ին: