Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը դժգոհություն էր հայտնել թոշակների վճարման գործընթացի իր խոսքով`«տարրական անկազմակերպվածությունից»:
Հիշեցնենք, որ վճարման կարգը փոխվել է և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «վճարումների ծառայության» փոխարեն այս տարվա հունվարից վճարումն իրականացնում է «Հայփոստը»:
Վարչապետը դժգոհել էր հերթերից և ցուցակների անճշտությունից, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի ԲՀԿ-ական նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարել էր, թե նախկինում էլ հունվար ամսին հերթեր են առաջացել և որ շուտով ամեն ինչ կկարգավորվի:
Արդյո՞ք վարչապետի այս «դժգոհությունը» պայմանավորված չէր քաղաքական ենթատեքսով, այն է`ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև որոշ լարվածությամբ: Այս հարցը «Առաջին լրատվականը» այսօր ուղղեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանին:
«Վճարողը փոխվել է, փոխվելու պարագայում 1 ամսվա ընթացքում ցուցակների հետ կապված խնդիրներ կարող են ծագել, չի կարելի դրանից ողբերգություն սարքել:
Ակնհայտ է, որ կարճ ժամանակում դրանք կշտկվեն, այդտեղ մեղավորներ փնտրել նշանակում է մենք ավելորդ տեղը համապատասխան կառույցների վրա հետք ենք ուզում գցել:
Եթե հանկարծ դուք նկատում եք ինչ-որ այլ բաներ, կնկատեք, բայց ես անձամբ համոզված եմ, որ ուզենանք բստրենք էլ, այդտեղ քաղաքական ենթատեքստ լինել չի կարող:
Որևէ մեկի բարձրաձայնումից չի կարելի ենթադրություններ անել քաղաքական ուժերի վերաբերյալ կամ քաղաքական ենթատեքստի առումով»,- պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավորը: