Նոր Անգլիայի նախկին մաֆիայի առաջնորդ Լուիջի Մանոկկիոն դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման սթրիփ-ակումբներից փողեր շորթելու համար: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի Արդարադատության նախարարը:
Դատավճիռը կայացվել է մայիսի 11-ին: 84-ամյա Մանոկկիոյի դատապաշտպանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը կարող է բանտում մահանալ:
Դատական լսումների ընթացքում Մանոկկիոն փորձել է անջատվել իր համախոների գործողություններից և պնդել է, որ ոչ մեկին անձամբ չի սպառնացել: Սակայն դատախազությունը հայտարարել է, որ նա անձամբ եկել է ակումբի տիրոջ մոտ, որը որոշել էր նվազեցնել մաֆիային հատկացվող վճարումները: «Ինձ ամսական 4000 է պետք»,- ասել է Մանոկկիոն ակումբի տիրոջը:
Իշխանությունների տվյալներով` Մանոկկիոն գլխավորել է «Կոզա Նոստրա» խմբավորումը Նոր Անգլիայում: Նա ձերբակալվել է 2011թ. հունվարին: Մանոկկիոն և ևս չորս մեղադրյալներ իրենց մեղքը ճանաչել են փետրվարին: