Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակված ՀԱԿ 7 ակտիվիստների նկատմամբ հարուցված գործից անջատված 4-ի` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով դատաքննությունը ընդամենը 2 րոպե է տևել և հետաձգվել մինչև մայիսի 24-ը:
Նշենք, որ դատարանն այսօր պետք է հարցաքններ վկաներ Ամիրջանյանին և Մարտիրոսյանին, որոնք, սակայն, դատարան չեն ներկայացել: Մինչդեռ դատարանը նրանց բերման ենթարկելու որոշում էր կայացրել, ինչը փաստորեն ոստիկանությունը չէր կատարել:
Հարցաքննության ենթակա երեք վկաների ցուցմունքներից հետո պաշտպանական կողմը միջնորդություններ կներկայացնի` նոր ապացույցների հետազոտման վերաբերյալ: Իսկ նախորդ անգամ դատարանում հրապարակվել էին գործով 3 վկաների` Ալեքս-Էմիլ Միրզայանի, Սերժիկ Սարգսյանի և Նշե Մոդոյանի ցուցմունքները:
Հիշեցնենք, որ նրանք` Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Սարգիս Գևորգյանն ու Արտակ Կարապետյանը, մեղադրվում են անցած տարվա օգոստոսի 9-ին օպերայի տարածքում հասարակական կարգը խախտելու և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: