Երեկ «Դինամո» մարզադահլիճում խաղարկվեցին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության վերջին երեք մեդալների հավաքածուները: 60 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Աշոտ Տերտերյանը, որը եզրափակիչում հաղթեց Արթուր Բաղդասարյանին: Բրոնզե մեդալների արժանացան Արարատ Մարտիրոսյանն ու Հրաչյա Շահնազարյանը: 66 կգ քաշայինների մրցապայքարում չեմպիոնի կոչմանն արժանացավ Ժիրայր Հովհաննիսյանը, որը եզրափակիչում պարտության մատնեց Գրիգոր Գրիգորյանին: Բրոնզե մեդալակիրներ դարձան Դավիթ Խաչատրյանն ու Ավետիս Ալեքսանյանը: 96 կգ քաշային կարգի եզրափակիչում Էդգար Ենոքյանը հեշտ հաղթանակ տարավ Անդրանիկ Գալստյանի նկատմամբ և հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Բրոնզե մեդալների արժանացան Վահե Թահմազյանը և Վահագն Մանուկյանը:
Հունահռոմեկան ոճի ըմբիշներն իրենց պայքարը կսկսեն հունվարի 29-ին: