Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն Լոնդոնում հանդիպել է իր բրիտանացի գործընկեր Ուիլյամ Հեյգի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են այն փաստաթղթերը, որոնց ընդունումն ակնկալվում է Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովում:
Բացի այդ, հանդիպման ժամանակ կողմերը շոշափել են նաև ռուս-վրացական հարաբերությունների հարցը և ռուսական «Կովկաս 2012» խորագրով զորավարժությունների անցկացման հարցը, որոնք Ռուսաստանը պլանավորել է իրականացնել Վրաստանի սահմանի մոտ:
Հանդիպումից հետո Վաշաձեն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան այն երկրների թվում է, որոնք աջակցում են ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը. «Բրիտանացի դիվանագետները քաջ գիտակցում են, որ 2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված այն որոշումը, որ Վրաստանը դառնալու է դաշինքի անդամ, իրագործելի է: Նրանք գիտակցում են տվյալ ճանապարհին Վրաստանի գրանցած առաջընթացը»:










































