Չինացի մասնագետները Հարավչինական ծովում տեղակայել են առաջին ինքնուրույն նախագծված և կառուցված հարթակը խորը հորատման համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Առաջին նավթահորի հորատումը կսկսվի չորեքշաբթի Հոնկոնգից 320 կմ հարավ-արևելք ընկած ջրային հատվածում՝ մեկուկես կիլոմետր խորության վրա:
Հարթակը պատկանում է Չինական ազգային օֆշորային նավթագազային կորպորացիային։ Այն կարող է աշխատանքներ իրականացնել մինչև 3 կմ խորության վրա:
«Այս քայլը ցույց է տալիս, որ Չինաստանը տեխնոլոգիական հնարավորություններ ունի Հարավչինական ծովում նավթի և գազի հանքավայրերի հետախուզման և մշակման համար»,- China Daily թերթին տված հարցազրույցում հայտարարել է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի փորձագետ Չժոու Շոուվեյը:
Գիտնականների գնահատականներով՝ Հարավչինական ծովում նավթի պաշարները կազմում են 23-30 մլրդ տոննա, բնական գազինը՝ 16 տրլն խորանարդ մետր: Այդ պաշարների 70%-ը տեղակայված է խորջրյա շելֆում:
Հարավչինկան ծովի շելֆը և մի շարք կղզիներ տարածքային վեճի օբյեկտ են հանդիսանում Չինաստանի, Վիետնամի, Մալայզիայի, Բրունեյի, Ֆիլիպինների և Թայվանի միջև:









































