Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Տեր-Ստեփանյանի կարծիքով, հայ ժողովրդի 90 տոկոսը հավատում էր, որ Հայաստանը զարթոնք է ապրելու Վազգեն Սարգսյանի ուժի եւ Կարեն Դեմիրճյանի խելքի ու փորձառության շնորհիվ. «Հոկտեմբերի 27-ը հուսահատություն առաջացրեց, կոտրեց ժողովրդի մեջքը եւ դրանից հետո բավական ժամանակ էր պետք, որպեսզի ժողովուրդը կարողանար գտնել այն մարդուն, որը կփոխարիներ այդ հզոր ուժին»:
Տեր-Ստեփանյանի խոսքերով, Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը կարողացել է վերակենդանացնել ժողովրդին եւ վերականգնել հավատը ապագայի նկատմամբ: Նրա կարծիքով, Մարտի մեկը եւս նպատակ ուներ կոտրելու ժողովրդին, սակայն տեղի ունեցավ հակառակը. «Մարտի 1-ը զայրույթի պոռթկում առաջացրեց մարդկանց մոտ, եւ անգամ ես, որ մինչ այդ քաղաքականությամբ չեմ զբաղվել, մարտի 1-ից հետո հասկացա, որ դավաճանություն կլինի ոտքի չկանգնել եւ չմասնակցել շարժմանը: Մարտի 1-ը հարյուր հազարավոր մարդկանց դուրս հանեց իշխանությունների դեմ»: