Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 5-11 ընտրատեղամասում առավոտյան ժամը 10-ից կուտակումներ են: Բանն այն է, որ այդ ընտրատարածքի բնակիչներին հորդորել են մինչեւ ժամը 11-ը անպայման մասնակցած լինեն ընտրություններին, որպեսզի, ինչպես Aravot.am-ին ասել են բնակիչները, ընտրատեղամասում արդեն ձայների քանակ ապահոված լինեն: Կուտակումները հեռախոսով նկարահանելու ընթացքում տեղամասում գտնվող երիտասարդներից մեկը խլել է իր հեռախոսը, խոչընդոտելով լրագրողի՝ ընտրությունները լուսաբանելու աշխատանքը: Երիտասարդը չի ներկայացել, թե ինքն ով է՝ դիտորդ, վստահված անձ կամ ով, բայց այդ ամբողջ ժամանակ գտնվում էր տեղամասում:
Քիչ հետո երիտասարդը վերադարձրել է հեռախոսը, բայց, այնուամենայնիվ, չի ներկայացել, թե ով է, փորձել են բեյջից տեղեկանալ, թե ով է, սակայն նա ձեռքով փակել է եւ թույլ չի տվել տեսնել:
«Ժառանգություն» խմբակցության անդամ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի դիտորդ Սուսաննա Բարխուդարյանը կուտակումները ցրելու համար դիմել է ոստիկանին, բայց վերջինս պատասխանել է, որ մինչեւ հանձնաժողովի նախագահը չդիմի՝ չի կարող ցրել:
Սուսաննա Բաղդասարյանը, որը նաեւ այդ տեղամասի ընտրող է, քվեաթերթիկները վերցրել էր, որպեսզի մտնի խցիկ, սակայն նկատելով կուտակված երիտասարդներին, մոտեցել է երիտասարդներին՝ քվեաթերթիկը ձեռքին: Այդ ամենը նկատել է ՀՀԿ վստահված անձը եւ մեծ աղմուկ բարձրացրեց, թե տիկինը խախտում է օրենքը: Միջադեպի առթիվ կազմվել է արձանագրություն: Տիկին Սուսաննան արդարացել է, որ քվեաթերթիկը ձեռքին միամտաբար է դուրս եկել, փորձելով կանխել կուտակումները:








































