«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական նախընտրական շտաբի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունների քվեարկության մեկնարկից դեռ երկու ժամ էլ չանցած` փաստեր կան աղաղակող խախտումների մասին։
Մասնավորապես, նա հայտնեց, որ բազմաթիվ ընտրատարածքներից ահազանգեր են ստացվում ընտրողների անձնագրերում քվեարկությունը փաստող կնիքների թանաքի` նախատեսված 12 ժամից շատ ավելի վաղ ցնդելու մասին։ «Բարգավաճ Հայաստան»-ը այդ փաստերի վրա է հրավիրել միջազգային դիտորդների ուշադրությունը։
Զոհրաբյանը փոխանցեց նաև, որ Գյումիում քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին իր կողմնակիցների հետ շրջում է ընտրատեղամասից ընտրատեղամաս` խոչընդոտներ հարուցելով «Բարգավաճ Հայաստան»-ի վստահված անձանց և լրագրողների աշխատանքի համար, մասնավորապես` թույլ չտալով նկարահանել քվեարկության ընթացքը։
Նույնի մասին ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգել են նաև ԲՀԿ վստահված անձ Գոհար Աբրահամյանը և Նազելի Յարալյանը, ովքեր նշել են, որ «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում:
Ըստ հաղորդման հեղինակի՝ Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը օպերատորի ձեռքից վերցրել է հեռուստախցիկը, այնուհետեւ տարել նաև օպերատոր Վարազդատ Պապիկյանին:
Ինչպես հաղորդվում է դատախազության կայքում, Շիրակի մարզի դատախազության միջոցով հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնին՝ ստուգել մատնանշված հանգամանքները և օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ:










































