WBC վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Դևիդ Խեյի հետ մենամարտն իր կարիերայում վերջինը կլինի, եթե, իհարկե, կողմերը կարողանան համաձայնության գալ, և դիմակայությունը կայանա:
«Խեյի հետ բանակցությունները շարունակվում են: Եթե հաջողվի համաձայնության գալ, մենամարտը կլինի վերջինը իմ սպորտային կարիերայում: Ես որոշել եմ ավարտել այն, սակայն սպորտն իմ կյանքում ընդմիշտ իր ուրույն տեղը կունենա: Ես գիտելիքներ և հմտություններ եմ ձեռք բերել, որոնք չէի կարող ստանալ որևէ համալսարանում կամ էլ գնել որոշակի գումարով:
Սպորտը ձևավորում է մարդու բնավորությունը, սովորեցնում լինել կազմակերպված, նպատակասլաց, համբերատար: Այդ մասին ես և եղբայրս միշտ զրույցներ ենք ունենում երեխաների ու երիտասարդների հետ հանդիպումների ժամանակ»,- էլեկտրոնային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Կլիչկոն: