«Մայիսի 3-֊ին, ըստ նախնական տեղեկությունների, Արարատի մարզի Մասիս քաղաքի «Եվրո+» սրճարանում երկու քաղաքական ուժերի միջև տեղի է ունեցել բախում: Համաձայն շրջանառվող լուրերի՝ միջադեպի ընթացքում լսվել են կրակոցներ, մասնակիցներից մեկը՝ Կարեն Տ.-ն, հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
««ժողովուրդ»-ը եղավ դեպքի վայրում: Բնակիչների հետ զրույցից պարզվեց, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի ունեցել: Պարզապես մի խումբ երիտասարդներ կենցաղային վեճի են բռնվել սրճարանում: Այն շարունակվել է հրապարակի հարակից տարածքում, վերաճել ծեծկռտուքի:
Եվ այդ ընթացքում էլ բութ առարկայից ստացած հարվածներից վիրավորվել է Կարեն Տ.-ն, որը Մասիսի քաղաքապետարանի ավագանու անդամ է: Վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ մեր տեղեկությունների՝ վիրահատությունն անցել է բարեհաջող, հիվանդի վիճակը կայունանում է:
Նշենք նաև, որ «Եվրո+» սրճարանի աշխատանքները դադարեցված են: Տիրոջ տեղեկացմամբ՝ այն կապված է սրճարանի սանիտարական աշխատանքների հետ»:










































