Իտալական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «Ֆիորենտինա»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Դելիո Ռոսին հայտնել է թիմի կիսապաշտպան Ադեմ Լյայիչին ծեծի ենթարկելու պատճառը:
Միջադեպը տեղի է ունեցել Ա Սերիայի 36-րդ տուրի շրջանակներում կայացած «Նովարա»-ի հետ հանդիպման ժամանակ՝ այն պահին, երբ խաղի հաշիվը 0:2 հօգուտ «Նովարա»-ի էր: Փոխարինված երիտասարդ ֆուտբոլիստն արդեն պահեստայինների նստարանից սկսեց ծափահարել և ինչ-որ բան ասաց մարզչին: Ի պատասխան՝ վերջինս բռունցքներով հարձակվեց մարզիկի վրա:
«Ես վշտացած եմ տեղի ունեցած միջադեպի պատճառով: Երբևիցե չեմ հարվածել որևէ մեկի: Սակայն հարգալից վերաբերմունք եմ պահանջում ակումբի, իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ: Դա էր իմ նման վարվելակերպի պատճառը: Եթե խոսքն ընտանիքիս է վերաբերում, չեմ կարող ձևանալ, թե չեմ լսել ասվածը:
Ես արժանի պատիժ կրեցի: Գտնում եմ՝ մարդկային առումով իմ վարքը կարելի է արդարացնել»,- իտալացի լրագրողները մեջբերում են Դելիո Ռոսիին:









































