Եթե ՀՀԿ-ն առաջիկա ընտրությունների ժամանակ բացարձակ մեծամասնություն չստանա, միայն այդ դեպքում հնարավոր է ձևավորվի ՀՅԴ-ԲՀԿ-ՀԱԿ կոալիցիա: Նման տեսակետ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը՝ նշելով, որ ակնհայտ է, որ կա որոշակի ծրագիր, որ պետք է զրկել Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին բացարձակ իշխանություն ունենալուց և հակաՀՀԿ-ական ուժերից բաղկացած իրավիճակային դաշինք ստեղծել: Ըստ նրա՝ լրիվ այլ քաղաքական իրավիճակ կստեղծվի, եթե ՀՀԿ-ն իսկապես բացարձակ մեծամասնություն չկազմի, իսկ մինչ դա նման հայտարարություններ անելը մի քիչ վերացական է. «Այդ իրավիճակն այլ պայմաններ կթելադրի, և շատ տարբեր զարգացումներ են հնարավոր, որոնցից մեկը նաև կոալիցիա ստեղծելն է այդ 3 ուժերի միջև»:
Խոսելով այս 3 ուժերի արտաքին քաղաքական կողմնորոշման մասին՝ փորձագետը նշեց, որ ԲՀԿ-ն ռուսամետ է, ՀԱԿ-ը քննադատաբար է մոտեցել Արևմուտքի նկատմամբ, հայտարարել է, որ Արևմուտքը սատարում է իշխող ուժերին, և դրանով վնաս է հասցնում շարժմանը: ՀԱԿ-ի մաս կազմող որոշ անձեր ակնհայտ ռուսամետ կողմնորոշում ունեն, թեև ասում են, որ դա ՀԱԿ-ի պաշտոնական տեսակետը չէ: ՀՅԴ-ն սոցիալիստական կուսակցություն է, Սոցինտեռնի անդամ է, որը դեմ է կապիտալիզմին, իսկ կապիտալիզմի հիմնարար պահապաններ պետությունները Արևմտյան պետություններ են: «Այսպիսով, հնարավոր կոալիցիան ավելի շատ ռուսամետ կողմնորոշում կունենա: Բայց նման պայմաններում իրավիճակն է թելադրում նոր զարգացումները: Եվ կարող են լինել նոր զարգացումներ»,- ասաց Է. Վարդանյանը:











































