ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները հարցերին Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ.
Հարց. Հարցերս ուղղված են երկու արտգործնախարարներին: Պարոն Նալբանդյան, Ադրբեջանը ստանձնել է Անվտանգության Խորհրդի նախագահությունը: Որոշ ադրբեջանցի վերլուծաբաններ չեն բացառում հավանականությունը, որ հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձև ներկայացվի անվտանգության Խորհուրդ: Որքանո՞վ եք հնարավոր համարում այդ վերլուծությունը:
Էդվարդ Նալբանդյան: Առաջին հարցին պատասխանելով, հավանականության մասին, որ Ադրբեջանը կփորձի ինչ-որ բանաձև ներկայացնել Անվտանգության Խորհրդում: Ադրբեջանը կարող է փորձեր անել, բայց պետք է իրատես լինել այն իմաստով, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են եռանախագահող երկրներ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, որոնք բազմիցս արտահայտվել են, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների հայտարարություններ են արվել Լ՛Ակվիլայում, Մուսկոկայում և Դովիլում և Հայաստանը արձագանքել է, որ այդ առաջարկների հիման վրա, բանակցությունների միջոցով մենք պատրաստ ենք գնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Ադրբեջանն է, որ մերժում է: Չեմ կարծում, որ իրատեսական է, որ ինչ-որ միակողմանի ադրբեջանական նախաձեռնություն աջակցություն ունենա Անվտանգության Խորհրդի շրջանակներում, հատկապես նկատի ունենալով եռանախագահների այդ մոտեցումը:
Հարց. Առաջին հարցս ուղղված է Հայաստանի արտգործնախարարին: Պարոն Նալբանդյան, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համապատկերում օրերս Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ մի քանի հարևան երկրների հետ դժվար է համաձայնության գալ, պայմանավորվել, մասնավորապես Հայաստանի հետ: Խնդրում եմ մեկնաբանեք, իրականում ի՞նչ խնդիրներ է պաշտոնական Երևանը այս հարցում առաջացնում:
Եվ երկրորդ հարցը, եթե կարելի է երկու արտգործնախարարն էլ անդրադառնան: Վերջին շրջանում հրադադարի խախտման մի շարք դեպքեր եղան և խաղաղ բնակչության գնդակոծման հետ կապված մասնավորապես: Ինչպե՞ս է միջազգային հանրությունը ընկալում նման երևույթները և պարոն Նալբանդյան, հայկական կողմը ի՞նչ է անում հարցը բարձրաձայնելու համար:
Էդվարդ Նալբանդյան: Դավութօղլուի հայտարարության վերաբերյալ: Ես ծանոթ եմ այդ հայտարարությանը: Թուրքիայի արտգործնախարարը խոսում է այն մասին, որ երեք հարևան երկրների հետ իրենք ոչ այնքան լավ հարաբերություններ ունեն: Բայց կարծում եմ այնքան էլ անկեղծ չէ, առնվազն երկու անգամ ավելի շատ է երկրների թիվը, որոնց հետ այնքան լավ հարաբերություններ չունեն, առնվազն վեցի հետ, իսկ վեցից երկուսի հետ ընդհանրապես հարաբերություններ չունեն: Դավութօղլուն հայտարարում էր հարևանների հետ զրո պրոբլմներ ունենալու ցանկության մասին, բայց արդյունքում վերջին շրջանում այդ երկրների հետ պրոբլեմները ավելի շատացրել են: Հարևանների հետ համաձայնությունների գալու դժվարությունների վերաբերյալ, որոնց մասին խոսում է պարոն Դավութօղլուն, այո, մեր փորձից գիտենք, որ Թուրքիայի հետ շատ դժվար է համաձայնությունների գալ: Եվ չնայած բոլոր դժվարություններին, որոնք թուրքական կողմը ստեղծում էր բանակցային գործընթացում, մենք եկանք համաձայնության և ստորագրեցինք արձանագրություններ, որոնք հենց Թուրքիան ոչ միայն բանակցությունների ժամանակ, այլև դրանցից հետո, պայմանագրեր ստորագրելուց հետո, շարունակում է ստեղծել դժվարություններ, հրաժարվում է հարգել այդ պայմանավորվածությունները, վավերացնել և իրականացնել դրանք: Այնպես որ պարոն Դավութօղլուի կողմից այդ մեկնաբանությունները տեղին չեն:
Էդվարդ Նալբանդյան: (Ի լրումն Լուիս Ալմագրոյի պատասխանի) Այն ինչ ասեց Լուիս Ալմագրոն միջազգային հանրության մոտեցման ևս մեկ լավ օրինակ է: Այդպիսի մոտեցում ունեն պետությունների ջախջախիչ մեծամասնությունը, եթե չասենք բոլորը, միգուցե բացի Ադրբեջանին հարևան մեկ երկրից: Ես նկատի ունեմ Թուրքիային: Անգամ այդ երկիրն էլ է արտահայտվել ուժի չկիրառման կապակցությամբ, այդ իմաստով համաձայն չէ ադրբեջանական կողմի մոտեցումներին:
Միջազգային հանրությունը ամենաբարձր մակարդակով, հիշեցնեմ Դովիլում նախագահներ Մեդվեդևը, Օբաման և Սարկոզին հայտարարեցին, որ ուժի կիրառումն է ստեղծել այս իրավիճակը և ուժի նոր կիրառումն անընդունելի է և խստորեն կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Այդ ուղերձը հասցեագրված էր հենց Ադրբեջանին:
Ոչ միայն հայտարարությունների միջոցով է հնչում արձագանքը: Համապատասխան բանակցությունների ժամանակ Ադրբեջանը լրջորեն զգուշացվում է այդ վարքագծի վերաբերյալ, որ դա անընդունելի վարքագիծ է և կարող է լուրջ հետևանքներ ունենալ, առաջին հերթին հենց Ադրբեջանի համար:










































