Ինչպես հաղորդում են եգիպտական լրատվամիջոցները, երեկ շարունակվել են բախումները Եգիպտոսի քաղաքների փողոցներում: Հայտնի է, որ դարձյալ զոհեր են եղել: Երկու մարդ զոհվել է, մի քանի հարյուր մարդ՝ վիրավորվել:
Եգիպտոսի իշանությունները հերթական սրումը կանխելու համար ավելի քան 850 մարդու ձերբակալել են:
Սակայն սոցիալական կայքերում նշվում է, որ ուրբաթօրյա աղոթքից հետո փողոց են դուրս գալու ավելի քան մեկ միլիոն մարդ: Իսկ զարգացումներն այս դեպքում անկանխատեսելի կլինեն: Թեպետ երեկ Բրիտանիայում Եգիպտոսի դեսպանատունը հերքել էր, թե երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի որդին փախել է Լոնդոն, սակայն խոսակցություններն այդ մասին թեժացել են: Եգիպտոսի դեպքերի վերաբերյալ հանդես են եկել շատ երկրների կառավարություններ:
Մասնավվորապես ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտնել է, որ «Եգիպտոսի իշխանությունները պետք է հարգեն մարդու իրավունքները» ` կոչ անելով համապատասխան միջացառումներ ձեռք առնել` բռնություններից խուսափելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հիշեցնենք, որ երեք օր է արդեն Եգիպտոսում շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք պահանջում են երկրի նախագահի և կառավարության հրաժարականը: