Հանրապետության հանրակրթական դպրոցների և նախակրթական հաստատությունների ճաշարաններում երեխաներին խորհուրդ չի տրվում ուտել, իսկ եթե, այնուամենայնիվ, հանդգնողներ լինեն, պետք է խիստ ուշադրություն դարձնել առաջարկվող ապրանքների պիտանելիության ժամկետին:
Այս մասին են հուշում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության իրականացրած վերջին մոնիտորինգի արդյունքները. հանրապետության բոլոր մարզերում արձանագրվել է գրեթե նույնատիպ անմխիթար վիճակ:
Պարզվում է, որ, անկախ յուրաքանչյուր տարի իրականացվող ուսումնասիրություններից ու բազմապիսի ստուգումներից, ՀՀ դպրոցներում և մանկապարտեզներում սննդի անվտանգության առումով իրավիճակը չի բարելավվում:
Հանրային սննդի կազմակերպման գործընթացն ուսումնասիրելու նպատակով տեսչության աշխատակիցները, հասարակական կազմակերպության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, այցելել են թվով 442 դպրոց ու մանկապարտեզ Երևանում և մարզերում, որոնց մեծամասնության ճաշարաններում հայտնաբերվել են մի շարք ակտերով սահմանված պահանջների` երբեմն չափազանց կոպիտ խախտումներ:
Որպես հիմնական իրավախախտումներ՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության ներկայացուցիչ Արթուր Վարժապետյանը առանձնացրեց առանց համապատասխանության հավաստագրի սննդամթերքի վաճառքը, սննդամթերքի հայերեն մակնշման և անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի բացակայությունը,ё պիտանելիության ժամկետն անցած սննդամթերքի իրացումը, սննդամթերքի պահման ջերմաստիճանային պայմանների խախտումները և սանիտարահիգիենիկ վիճակի անհամապատասխանությունները: