Երեկ Լոնդոնում կայացած միջոցառման ժամանակ Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy S III սմարթֆոնը: Նոր սմարթֆոնը, որը կլինի կապույտ կամ սպիտակ, ունի 4,8 դյույմանոց Super AMOLED էկրան՝ 1280/ 720 խտությամբ, 16, 32 կամ 64 գիգաբայթ ներքին հիշողություն: Այն աշխատում է Android 4.0 համակարգով: Ունի երկու տեսախցիկ՝ առջևում 1,9 մեգապիքսելանոց, հետևում՝ 8 մեգապիքսելանոց: Երկու տեսախցիկներն էլ նկարում են HD ձևաչափով: Ի դեպ, հետևի տեսախցիկը կարող է արագացված ռեժիմում վայրկյանում 6 կադր նկարել:
Samsung Galaxy S III սմարթֆոնը, ինչպես նախորդը, ունի ձայնային կառավարման տեխնոլոգիա: Այսինքն՝ ձայնային հրամանների միջոցով հնարավոր է կառավարել զարթուցիչը, նվագարկիչը, կարգավորել ձայնի բարձրությունը, հնարավոր է նաև հաղորդագրություններ ուղարկել, միացնել տեսախցիկն ու նկարահանում կատարել:
Սմարթֆոնն ունի տվյալները այլ սարքի փոխանցելու Android Beam տեխնոլոգիա:
Galaxy S III-ն ունի 8.6 մմ հաստություն, կշռում է 133 գրամ, հիմնված է 1,4 գիգահերց հաճախականությամբ 4 միջուկանի Exynos 4 Quad պրոցեսոի վրա: Սարքի գինը դեռևս հայտնի չէ: Այն վաճառքի կհանվի մայիսի վերջին:










































