ԵԱՀԿ դիտորդ Ռիկարդո Միգլիորին շատ ուրախ է, որ ընտրական քարոզարշավը Հայաստանում բավական մրցունակ ու կատարյալին մոտ անցավ: Այս մասին նա ասաց Եվրոպա-Հայաստան խորհրդի կազմակերպած քննարկման ժամանակ:
«Համոզված եմ, որ կիրակի Հայաստանում իսկապես ժողովրդավար ընտրություններ կկայանան: Մենք հավատացած ենք, որ Հայաստանն ընտրություններից հետո հնարավորություն կունենա հպարտանալ դրանցով: Հայաստանը եվրոպական երկիր է, եվրոպական են նրա պատմությունն ու ապագան: Դրա համար էլ մենք պատիվ ունենք ներկա գտնվելու այստեղ մեր համատեղ ապագայի համար»,- ասաց նա: Եվրոպացի դիտորդի խոսքով՝ Հայաստանն օրեցօր աճում է:
Քննարկմանը ներկա՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքն իր հերթին նկատեց, որ Եվրոպա-Հայաստան խորհուրդը (ԵՀԽ) ողջ Եվրամիության և միջազգային հանրության մեծ մասի հետ համատեղ անհամբեր սպասում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ 2012 թ. մայիսի 6-ին:
«Ընտրություններն ավելին են, քան նոր խորհրդարանական ներկայացուցիչներ ընտրելու օր: Դրանք ազգային կարևորության իրադարձություն են: Անկազմակերպ և ոչ ժողովրդավարական ձևով անցկացված ընտրությունները կթուլացնեն ողջ երկիրը: Եվրոպան կանգնած է Հայաստանի կողքին և ողջունում է վերջին տարիների ընթացքում կատարած նշանակալի առաջընթացը»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանը մեծապես հաղթահարել է 2008 թ. մարտի ճգնաժամը:
Ամփոփելով՝ Քամբեքն ասաց. «Ձեր քվեն կարող է վճռորոշ լինել Հայաստանի ապագայի համար: Ուստի մենք ընտրողներին կոչ ենք անում լինել ակտիվ, կուսակցությունների ծրագրերի և նրանց քաղաքական գործիչների հմտությունների մասին տեղեկատվություն ձեռք բերել և, ամենից գլխավորը, քվեարկել: Նրանք, ովքեր չեն քվեարկում, չպետք է հետո քաղաքականությունից բողոքեն: Նրանք, ովքեր քվեարկում են, կերտում են Հայաստանի ապագան և օգնում են կանխել խարդախության փորձերը:
Որոշ հայերի իրենց ձայնի դիմաց առաջարկվել է սնունդ, նոր ճանապարհներ, վերանորոգված մանկապարտեզ կամ պարզապես գումար: Տվե՛ք ձեր ձայնը միայն լավ քաղաքականության դիմաց: Այս ընտրությունները միայն ձեր ընտանիքին կամ համայնքին չեն վերաբերում. բոլոր ընտանիքները և համայնքները սննդի, ճանապարհների, մանկապարտեզների, աշխատատեղերի, անվտանգության և հեռանկարների կարիք ունեն: Միայն լավ քաղաքականությունն է ի վիճակի տալու այս ամենը, և դրա համար Հայաստանը ձեր ձայնի կարիքն ունի:
Մայիսի 6-ին հայ ժողովուրդը կկանգնի ընտրության առջև: Մենք` ՀԵԽ-ը և Եվրոպան առհասարակ, կհետևենք Հայաստանին և կձգտենք տոնել ժողովրդավարության այս օրը ձեզ հետ»:
Քննարկման մյուս բանախոս՝ Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտն էլ նշեց, որ ՀՀ Ընտրական օրենսգիրքը բարեփոխվել է եվրոպական չափանիշներին համաձայն, և որոշ ուժերի քննադատություններն առնվազն ֆունդամենտալ չեն:











































