Ռուսաստանը 5 տարի հետո, ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում ՀՀՊ տեղակայելու դեպքում, կկանգնի պատասխան քայլեր անելու անհրաժեշտության առջև: Այս մասին «Ռոսիյսկայա գազետայի» հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը:
Երբ ամերիկացիները ձեռնամուխ լինեն Եվրոպայում իրենց հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման երրորդ փուլին, ու վտանգի տակ հայտնվի մեր ռազմավարական միջուկային ուժերի կիրառությունը, ապա կառաջանա Ռուսաստանի պատասխան ադեկվատ ռեակցիայի անհրաժեշտությունը: Գլխավոր շտաբի գնահատականներով` դա կարող է տեղի ուեննալ արդեն 2017 թ.»,- ասել է Անտոնովը` պատասխանելով Հակահրթիռային պաշտպանության համակարգերին (ՀՀՊ) վերաբերող հարցին:
Նա ընդգծել է, որ պետք չէ անտեսել ԱՄՆ-ի հարմարվողական մոտեցման առաջին ու երկրորդ էտապները: «Քանի որ հենց այդ ժամանակ են դրվում ամերիկյան ՀՀՊ համակարգերի արդիականացման հիմքերը: Ընդ որում` ոչ ոք չի ասում, որ չի լինելու հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ փուլեր»,- ասել է Անտոնովը:
«Իրադարձությունների նման զարգացումը հավանական է, ու մենք դրան պատրաստվում ենք։ Ռուսաստանի նախագահը բազմիցս ու հանգամնալից այդ մասին խոսել է»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը 5 հեռուստաալիքների հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը 5-7 տարի ունեն ՀՀՊ համակարգերի շուրջ խնդիրների լուծման համար: Եթե բանակցություններն այդ փուլում ձախողվեն, ապա Մոսկվան կսկսի հրթիռներ տեղակայել:
Նա հիշեցրել է, որ ՀՀՊ-ի հարցով Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև լարվածությունը պահպանվում է:










































