Ապրիլի 29-ին Բեյրութի կենտրոնում գտնվող Կապուցինների լատինական եկեղեցում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերում» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի համատեղ նախաձեռնությամբ և Բեյրութի քաղաքապետարանի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, հայազգի նախարարներ, խորհրդարանի անդամներ, Բեյրութի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ, Լիբանանի հայ համայնքի ազգային կառույցների ղեկավարներ և անդամներ:
Եկեղեցում ցուցադրվել են շուրջ 50 մեծ չափի պաստառներ՝ ֆրանսիական, իտալական, գերմանական, անգլիական և ռուսական ամենանշանավոր թերթերից և ամսագրերից, որոնք 20-րդ դարի սկզբին անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը լուսանկարների և հոդվածների տեսքով:
Ցուցահանդեսի բացումից հետո տեղի է ունեցել համերգ: Ելույթներով հանդես են եկել «Արմաշ» և «Կռունկ» երգչախմբերը, Իզաբել Գայայանը՝ դաշնամուր, Զաքար Քեշիշյանը` շվի, Թամար Հովհաննիսյան՝ դաշնամուր, ջութակահարներ Աշոտ և Արմեն Ճենտերեջյանները:
Ապրիլի 30-ին եկեղեցում մատուցած Սուրբ պատարագին ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Հայոց ցեղասպանությանն առնչվող արխիվային հարուստ նյութերին:











































